Կորուստի գերարժևորում․ Ներդրողի հոգեբանական թակարդը և դրա ազդեցությունը ֆինանսական որոշումների վրա

Ֆինանսական շուկաներում ներդրումային հաջողությունը հաճախ ներկայացվում է, որպես թվերի, մոդելների և վերլուծությունների արդյունք։ Սակայն բազմամյա հետազոտությունները ցույց են տալիս, որ անգամ ամենաճշգրիտ հաշվարկները կարող են կորցնել իրենց արժեքը, եթե ներդրողի վարքագիծը պայմանավորված է ոչ ռացիոնալ հոգեբանական գործոններով։ Այդ գործոններից ամենահզորն ու համատարածը կորուստի գերարժևորումն է (loss aversion)։

Կորուստի գերարժևորումը հանդիսանում է վարքագծային ֆինանսների հիմնարար հասկացություններից մեկը և ուղիղ ազդեցություն ունի թե՛ անհատ ներդրողների, թե՛ ինստիտուցիոնալ կառույցների կողմից կայացվող որոշումների վրա։ Այն ազդում է ակտիվների ընտրության, պորտֆելի կառուցվածքի, ռիսկի ընկալման և նույնիսկ շուկայի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքի վրա։ 

Կորուստի գերարժևորում հասկացությունը գիտականորեն ձևակերպվել է 1970-ականներին՝ հոգեբաններ Դանիել Քանեմանի և Ամոս Տվերսկու կողմից մշակված հեռանկարների տեսության (Prospect Theory) շրջանակում։ Այս տեսությունը կոտրեց դասական ֆինանսական տեսության այն ենթադրությունը, թե մարդիկ միշտ գործում են ռացիոնալ և մաքսիմալացնում են սպասվող օգտակարությունը։ Քանեմանն ու Տվերսկին ապացուցեցին, որ մարդիկ կորուստն ու շահույթը չեն ընկալում սիմետրիկ կերպով։ Նրանց փորձերը ցույց տվեցին, որ միջին հաշվով` կորուստը հոգեբանորեն մոտ 2 անգամ ավելի ուժեղ ազդեցություն ունի, քան նույն չափի շահույթը։ Այլ կերպ ասած՝ մարդը պատրաստ է զգալի ռիսկի դիմել միայն այն դեպքում, երբ հնարավոր շահույթը էականորեն գերազանցում է հնարավոր կորուստը։

Ինչու է կորուստը ավելի ցավոտ, քան շահույթը հաճելի.
Կորուստի գերարժևորումը ունի ինչպես հոգեբանական, այնպես էլ էվոլյուցիոն հիմքեր։ Պատմականորեն կորուստը (սննդի, անվտանգության, ռեսուրսների) կարող էր նշանակել գոյատևման վտանգ, մինչդեռ շահույթը պարզապես բարելավում էր պայմանները։ Այդ պատճառով մարդկային ուղեղը զարգացել է այնպես, որ առավել սուր արձագանքի վտանգին։
Ֆինանսական շուկաներում այս մեխանիզմը շարունակում է գործել նույն ինտենսիվությամբ, թեև իրական վտանգ չկա։ Ներդրողը կորուստը հաճախ ընկալում է ոչ միայն, որպես ֆինանսական արդյունք, այլ նաև, որպես՝

 • սխալ որոշման ապացույց
 • սեփական կարողությունների նկատմամբ կասկած
 • սոցիալական կամ մասնագիտական ձախողում

Այս գործոնները կորուստը դարձնում են էմոցիոնալ ծանր բեռ, ինչը խաթարում է օբյեկտիվ մտածողությունը։

Կորուստի գերարժևորումը ներդրումային վարքագծում.

1. Կորուստով ակտիվների երկարաժամկետ պահպանում
Ներդրողները հաճախ հրաժարվում են վաճառել նվազող արժեք ունեցող ակտիվները՝ հույս ունենալով, որ «երբևէ կվերադառնան նախնական մակարդակին»։ Այս վարքագիծը պայմանավորված է ոչ թե տվյալների վերլուծությամբ, այլ կորուստը ֆիքսելուց խուսափելու ցանկությամբ։ Իրականում շուկան չի «հիշում» ներդրողի մուտքի գինը։ Ակտիվի ապագա արժեքը կախված է միայն հիմնարար և մակրոտնտեսական գործոններից։ Սակայն կորուստի գերարժևորումը ստիպում է ներդրողին կապվել անցյալ որոշման հետ։

2. Շահույթի վաղ ֆիքսում
Կորուստի վախը հակառակ կերպով դրսևորվում է շահույթ ունեցող դիրքերում։ Շատ ներդրողներ շտապում են փակել շահույթը՝ վախենալով, որ այն կարող է վերածվել կորուստի։ Արդյունքում՝ պորտֆելը զրկվում է բարձր աճի պոտենցիալ ունեցող ակտիվներից։
Այս երևույթը հայտնի է նաև որպես disposition effect և հաճախ դիտվում է մանր ներդրողների մոտ։

3. Չափազանց պահպանողական պորտֆել
Կորուստի գերարժևորումը կարող է ներդրողին մղել չափազանց ցածր ռիսկի ռազմավարության, նույնիսկ այն դեպքում, երբ ներդրումային հորիզոնը երկարաժամկետ է։ Սա կարող է հանգեցնել իրական եկամտաբերության նվազման, հատկապես ինֆլյացիոն միջավայրում։

Կորուստի գերարժևորումը և շուկայի վարքագիծը
Այս հոգեբանական երևույթը չի ազդում միայն առանձին ներդրողների վրա։ Զանգվածային մակարդակում այն կարող է նպաստել՝

 • շուկայի գերազդեցություններին
 • գների կտրուկ անկումներին
 • ակտիվների սխալ գնագոյացմանը

Ճգնաժամերի ընթացքում կորուստի գերարժևորումը ուժեղանում է, քանի որ անորոշությունը մեծացնում է էմոցիոնալ արձագանքը։ Արդյունքում շուկան կարող է ժամանակավորապես շեղվել իր հիմնարար արժեքներից։

Ինչպե՞ս է ինստիտուցիոնալ ներդրողը մոտենում խնդրին
Մասնագիտական ներդրումային ընկերությունները գիտակցում են, որ հոգեբանական գործոնները նույնքան կարևոր են, որքան ֆինանսական ցուցանիշները։ Այդ պատճառով կիրառվում են կառուցված մոտեցումներ՝

 • ստրատեգիական ակտիվների բաշխում, որը սահմանում է երկարաժամկետ շրջանակ
 • կանոնների վրա հիմնված որոշումներ, ոչ թե ինտուիտիվ քայլեր
 • ռիսկի կառավարման մոդելներ, որոնք սահմանափակում են հուզական ազդեցությունը
 • կոլեգիալ որոշումների ընդունում, նվազեցնելով անհատական կողմնակալությունը

Այս մոտեցումները թույլ են տալիս նվազեցնել կորուստի գերարժևորումից բխող սխալները։

Ինչպե՞ս կարող է անհատ ներդրողը կառավարել կորուստի գերարժևորումը
Թեև լիովին վերացնել այս հոգեբանական գործոնը հնարավոր չէ, այն կարելի է արդյունավետորեն կառավարել։

1. Նախապես սահմանված ներդրումային պլան
Մուտքի և ելքի հստակ պայմանները նվազեցնում են էմոցիոնալ որոշումների հավանականությունը։

2. Ներդրումային հորիզոնի գիտակցում
Կարճաժամկետ տատանումները պետք է դիտարկվեն որպես բնական գործընթաց, ոչ թե ձախողում։

3. Դիվերսիֆիկացիա
Լավ դիվերսիֆիկացված պորտֆելում մեկ ակտիվի կորուստը չի ընկալվում որպես ընդհանուր ձախողում։

4. Տվյալների վրա հիմնված վերլուծություն
Որոշումները պետք է հիմնվեն մակրոտնտեսական և հիմնարար տվյալների վրա, ոչ թե գնի անցյալ շարժի։

5. Մասնագիտական աջակցություն
Խորհրդատուն օգնում է պահպանել սառը դատողությունը շուկայի լարված պահերին։

Կորուստի գերարժևորումը մարդկային բնական ռեակցիա է, սակայն ֆինանսական շուկաներում այն կարող է վերածվել լուրջ սահմանափակման։ Ներդրումային հաջողությունը կախված չէ միայն շուկայի ընտրությունից, այլ նաև ներդրողի՝ սեփական հոգեբանական թակարդները ճանաչելու և կառավարելու կարողությունից։

Գիտակցված մոտեցումը, կառուցված ռազմավարությունը և երկարաժամկետ մտածողությունը թույլ են տալիս կորուստի գերարժևորումը վերածել ոչ թե խոչընդոտի, այլ վերահսկելի գործոնի՝ ներդրումային որոշումների կայացման գործընթացում։

Խորհրդատվության համար սեղմեք այստեղ և լրացրեք Ձեր տվյալները: Մեր մասնագետները կտրամադրեն անհատական մոտեցում, կօգնեն ընտրել արդյունավետ ռազմավարություն և կառուցել հավասարակշռված, նպատակահարմար պորտֆել՝ Ձեր ֆինանսական նպատակներին համապատասխան։

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։